ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Կեղտը ձյան տակ չի մնում

Կեղտը ձյան տակ չի մնում
14.08.2024 | 14:13

Աստիճանաբար ջրերը պարզվում են նրանց համար, ովքեր մինչև հիմա փորձում էին հայ հասարակությանը համոզել, թե 44-օրյա պատերազմը Ադրբեջանն ինքնուրույն սկսեց Արցախի դեմ: Մի քանի օր առաջ Էրդողանը հոխորտաց, թե այն ժամանակ մտել է Արցախ, իսկ հիմա էլ Իսրայելն է իր զինվորականներին հետ կանչում Ադրբեջանից (նաև՝ Վրաստանից): Սա խոսում է այն մասին, որ 44-օրյա պատերազմն ինքնին չի ծագել, այն տևական ժամանակ պլանավորվել է, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արել է, որ այդ պատերազմում չեզոքացվի Ռուսաստանի և Իրանի միջամտությունը: Նույնիսկ, երբ այդ երկու երկրները, հաշվի առնելով իրենց աշխարհաքաղաքական շահերը, ցանկացել են միջամտել և վաղաժամ կանգնեցնել պատերազմական գործողությունները՝ Հայաստանի ու Արցախի համար նպաստավոր բնագծերում, Հայաստանի իշխանությունները մերժել են այդ առաջարկները: Դրա մասին բարձրաձայնում են թե՛ Ռուսաստանից, թե՛ Իրանից:

Բայց մինչև հիմա էլ կան մարդիկ կամ մարդկանց խմբեր, ովքեր պատրաստ են կոկորդ պատռել, թե ինչ-որ ռուս-թուրքական դավադրություն կա, Հայաստանը դիմել է օգնություն ստանալու համար, բայց մերժվել է և այլն:

Տարօրինակն այն է, որ Փաշինյանը Թուրքիայի և Իսրայելի հայտարարություններին ոչ մի կերպ չի անդրադառնում, ավելին՝ «խաղաղության խաչմերուկ» է հրավիրում նրանց, ովքեր պատերազմ բերեցին Արցախի և Հայաստանի գլխին, ովքեր հիմա էլ հովանավորում են Ադրբեջանին ու զինում են նրան:

Հիմա, երբ իրանաիսրայելական հարաբերություններում կրիտիկական պահ է, Ադրբեջանը, գոնե առերես, հերքում է թուրքերի ու իսրայելցիների (վերջիններիս մասով դեռ խորհրդավոր լռություն է պահում) մասնակցությունը 44-օրյա պատերազմին՝ լավ հասկանալով, որ կարող է հայտնվել Իրանի թիրախում: Իսկ Հայաստանի իշխանությունները, թեև ակնհայտ գիտակցում են, որ Ադրբեջանի և նրա դաշնակիցների թիրախում են և անընդհատ խոսում են պատերազմի վտանգի մասին, ոչ մի անվտանգային միջոցառում չեն իրականացնում: Նույնիսկ հրաժարվում են ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց, որը հիմա Հայաստանի միակ ռեալ անվտանգային կառույցն է: Փոխարենը «ոչ մահաբեր» զենք են ստանում Ֆրանսիայից ու ՆԱՏՕ-ի հետ համատեղ, ոստիկանական հատկանիշներով, զորավարժություններ են անցկացնում:

Վերաձևակերպելով հանրահայտ մանկական բանստեղծությունը՝ իջել են ջրի հատակը, մինչև, հավանաբար, կանցնի վտանգը: Բայց եթե դու լռում ես, դա չի նշանակում, թե մյուսները չեն խոսելու: Կեղտը ձյան տակ չի մնում:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2757

Մեկնաբանություններ